8 սեպտեմբերի 2012 - 10:37 AMT
Շ.Քանդահարյան. Հունգարիա-Ադրբեջան գործարքի դեմ քարոզչաքաղաքական փուլին պետք է հաջորդի իրավաքաղաքականը

Հունգարիա-Ադրբեջան գործարքին և մարդասպան Սաֆարովի ազատության մեջ հայտնվելու ու հերոսացման դեմ բողոքի համասփյուռքյան ալիքը իբրև քարոզչաքաղաքական առաջին գործողություն կարելի է իրականացված համարել:

Սփյուռքահայության համատարած բողոքը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան ժամանելու լիարժեք օգտագործումը ամբողջացրին բողոքի մարդկային շղթան, որը շրջագծեց Բուդապեշտն ու Բաքուն: Այս մասին գրում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն իր հոդվածում՝ «Երկրորդ փուլը՝ նույն մակարդակի ակնկալիքով»: Թեև պատասխանատվությունների առումով թե մեղադրանքների թիրախային տարբերությունները զգացվեցին ամենուրեք՝ Բուդապեշտի, ՆԱՏՕ-ի և Բաքվի միջև:

Ըստ հեղինակի, բ ողոքի շղթայի յուրաքանչյուր օղակ մյուսին միացավ շատ հեսազահ, արագ եւ իրար լրացուցիչ հանգամանքով, նկատի ունենալով թե՛ հաջորդականությունը, թե՛ պահանջները և թե՛ ամբաստանությունները: Թուրքական մամուլի ներկայացուցիչը անգամ չէր զսպել իր զարմանքը` տեսնելով նման բողոքի համատարածության և կազմակերպվածության մակարդակը:

Ըստ հոդվածի հեղինակի, այս առումով էլ դիպաշարին հետևողների մոտ չվրիպեց Թուրքիայում հայության բարձրացրած բողոքը` որ ըստ ձևի այլ հարց էր արծարծում, այսուհանդերձ հայության համընդհանուր պահանջատիրության միանալու և բողոքի շղթայի օղակներից մեկը կազմելու հստակ ուղերձ ուներ իր արարքում: Ստամբուլում իրավապաշտպանները մասնակցում էին «Նոր զարթոնք» կազմակերպության կողմից նախաձեռնված բողոքին` ուղղված Սևակ Շահինի մարդասպան Քվանչ Աղալողլուի ազատման դեմ: Թեև տարատեսակ մեկնաբանությունները և տեսությունները իրար հակասում են` բացատրելու համար Շահինի մահվան դրադապատճառները, այսուհանդերձ հետևողի մոտ հստակ համոզում է գոյացել, որ Շահինի սպանությունը ևս ցեղային հողի վրա կատարված մարդասպանություն է. հար և նման սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարմանը առիթ տվող պատճառին: Այստեղ ուրեմն Սաֆարով-Աղալողլու մարդասպանության և հայատյացության ծինը լավագույնս է բացատրում թուրք-ադրբեջանական հակահայ ինքնամղումի անզսպելիությունը:

Խնդիրը սակայն այս դեպքում Նոր զարթոնքի կողմից հայության ընդհանուր պահանջատիրությանը յուրահատուկ ձևով միանալն է, այս օրերին Ստամբոլում միևնույն ամոթանքի պատին գամելու նաև Թուրքիան, որը պատրաստվում է ազատ արձակել իր մարդասպանին: Իրոք, պոլսահայության մոտ նոր զարթոնքը նախադրյալներ է դրսևորում, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բարձրացրած պահանջատիրության պայքարին միանալու ուղղությամբ, ավում է հոդվածում:

Քարոզչաքաղաքական գործողությունների ազդանշանը փաստորեն տրվեց հարապարակային ձևով, երբ ի լուր Սաֆարովի վերաբերող գործարք-հերոսացմանը նախագահ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի հետ իր ունեցած հանդիպման ընթացքում հայտնում էր, որ խորհրդակցել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ արտերկրում աշխատանքներ իրականացնելու համար: Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից և արցախյան թղթածրարից հետո համայն հայության դեմ նետված ադրբեջանական ձեռնոցը վերցնելու համահայկական ընդառաջման ալիք ձևավորվեց շատ արագ և շատ կազմակերպ: Համախմբվածության այս փաստը հուշում է, որ հակառակորդի ոտնձգությունների, գրգռությունների և նման մղումներով կատարվող նախաձեռնությունների դեմ հայկական կողմը համախմբվածության և մանավանդ կազմակերպվածության նման մակարդակով աշխատելու շատ տեղ ու առիթ ունի: Իսկ այս հարցում միայն քարոզչաքաղաքական փուլը չէ, որ իբրև իրականանալի առաջադրանք համայն հայության օրակարգի վրա է հայտնվել: Իրավական հետապնդումների փուլը` մարդասպանը վերստին ճաղերի ետևը տեղավորելու, Հունգարիա-Ադրբեջան հարաբերությունների վրա ազդելու եւ դեռևս՝ պատահարներին ՆԱՏՕ-ի առնչությունը ճշտելու, պետությունների դատապարտումների բովանդակությունն ապահովելու և պատասխանատվություններ վերցնելու աշխատանքը երկարատև, տեղ-տեղ հիասթափեցուցիչ, համենայնդեպս հետևողականություն և մանավանդ քաղաքական պահերի օգտագործման հմտությունը պահանջող հրամայականներ է ենթադրում։ Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը, ասվում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի հոդվածում: