10 սեպտեմբերի 2012 - 12:19 AMT
Երևանում ելույթ կունենա ամերիկահայ դաշնակահար Տիգրան Մարտիկյանը

Սեպտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա ԱՄՆ-ից դաշնակահար Տիգրան Մարտիկյանի և Հայաստանից հայտնի ջազային կատարողների համատեղ համերգը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համերգը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում: Փառատոնի շրջանակներում անցկացվող համերգներին իրենց մասնակցությունն են բերում աշխարհի տարբեր երկրներում կայացած, մեծ համբավ վայելող և ճանաչված հայազգի երաժիշտներ:

Երևանյան համերգները լավագույն հնարավորություն են հայաստանյան հանդիսատեսի համար` ճանաչելու և գնահատելու հայրենիքից դուրս ապրող և ստեղծագործող հայերի աշխատանքները և ձեռքբերումները:

Տիգրան Մարտիկյանն ուսում է ստացել Տիգրան Չուքաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ 1980-1988թթ. սովորել է թավջութակի բաժնում` Տիրուհի Սարգսյանի մոտ և դաշնամուրի բաժնում` Կատյա Սահակյանի մոտ: Դպրոցն ավարտելուց հետո 1991թ. ընդունվել է Լոս-Անջելեսի անվան Քոլեջ (LACC), այս անգամ` դաշնամուրի բաժին և երկու տարի անց շարունակել ուսումը USC (University of Southern California) համալսարանի` ջազային բաժնում:

Տիգրանն իր երաժշտական գործունեությունը սկսել է վաղ հասակից: 12 տարեկանում նա ակորդեոն էր նվագում` մասնակցելով մի շարք երաժշտական միջոցառումների: Սովորելու ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և գովասանագրերի, այդ թվում նաև` լեգենդար ջազմեն Չիկ Կորեայի կողմից: Տիգրանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում (այդ թվում Նյու-Յորքի Կարնեգի և Հոլ համերգասրահներում) և Եվրոպական մի շարք երկրներում:

Այժմ Տիգրանը ապրում և աշխատում է Լոս-Անջելեսում, նաև կոմպոզիտոր է: Տիգրանի գրած երաժշտությունը` "Let's go Dance", կատարվել է Նյու-Յորքում: Նա երաժշտություն է գրել մի շարք ամերիկյան կարճամետրաժ կինոնկարների համար: Այժմ աշխատում է նոր ջազային ձայնասկավառակի վրա, որը կկոչվի "My hometown Armenia":