10 սեպտեմբերի 2012 - 14:19 AMT
«Ժառանգությունը» դեռ չի քննարկել, թե ում է հանձնվելու Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը

«Ժառանգությունը» դեռ չի քննարկել, թե ում է հանձնվելու Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը, որից նա այսօր հրաժարվել է: Այդ մասին այսօր ԱԺ նիստում լրագրողներին է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հակոբյանը չի մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման պատճառները՝ նշելով, որ այդ մասին հստակ և հակիրճ ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել: