ՋՈՆ ԷՎԱՆՍ. «ԲՈԼՈՐՆ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ ԱՄՆ-ն պետությունների տարածքային ամբողջականության քաղաքականության կողմնակից է, «բոլորն են խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին»,-հայտարարել է Հայաստանում ԱՄն դեսպան Ջոն Էվանսը, հանդես գալով Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում: Նրա խոսքերով, եթե պաշտոնական Բաքուն եւ Երեւանը հակամարտության կարգավորման գործողությունների պլան մշակեն, ապա, հույս է հայտնել դեսպանը, բոլորը կաջակցեն կողմերին: «Եթե խնդիրը կարգավորվրի, մենք չենք կարողանա խոչընդոտել դրան»,-նշել է դեսպանը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության մասին հարցին: Ներկայումս մի փոքր նախադրյալ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լավատեսության համար, քանի որ կողմերից ոչ մեկը նախընտրական արշավ չի տանում, ինչը միշտ ռիսկի հետ է կապված: Պատասխանելով Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության մասին հարցին` Ջոն Էվանսը նշել է, որ «կրիմինալ անջատողականներ» տերմինը չէր վերաբերվում Ղարաբաղին, եւ, որ պետքարտուղարի նախկին օգնականը ներողություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ մասնավոր զրույցում: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ռամիզ Մելիքովի հայտարարությունն այն մասին, թե 25 տարի անց աշխարհի երեսին ոչ մի հայ չի մնա, Էվանսը նկատել է, որ այդ հայտարարությունը «դաժան է եւ ագրեսիվ»: ԱՄՆ պաշտոնական անձինք ոչ հրապարակային աշխատանք են տանում նման խնդիրները կանխելու համար: «Մեր հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում կայունության ապահովումն է: Հարավային Կովկասում այլեւս պատերազմներ պետք չեն»,-հայտարարել է դեսպանը:




 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---