10 սեպտեմբերի 2012 - 16:29 AMT
ԱՄՀ-ն հերթական զեկույցն է պատրաստում Հայաստանի վերաբերյալ

Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նրանց այցի նպատակը ԱՄՀ հերթական զեկույցի պատրաստումն է, որի հիման վրա Հայաստանին կտրամադրվի վարկի հերթական չափաբաժինը, հայտնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հիմնականում Հայաստանի տնտեսական իրավիճակը, զուգահեռներ անցկացվեցին նաև Վրաստանի տնտեսական զարգացումների հետ: Քննարկվեց նաև ներքաղաքական վիճակը, հնարավոր զարգացումները մինչև նախագահական ընտրություններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հատկապես վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո: