10 սեպտեմբերի 2012 - 16:51 AMT
ԿԱՐԾԻՔ
Ցցահան արված բադերի և մուտանտ գորտերի առեղծվածը

Անցած տարի աշնանը, երբ մայրաքաղաքում սկսեցին «պոնչիկանոցի գույներով» ներկել ձեռքի տակ ընկած շենքերը, մի քանի շաբաթ համացանցի հայկական հատվածում իսկական տոնախմբություն էր: Շատերի աշնանային դեպրեսիան Երևանի գլխավոր դիզայների շնորհիվ միանգամից «ջրվեց»: Որևէ լուրջ ու ադեկվատ բացատրություն այս ամենին այդպես էլ չգտնվեց. որոշել են՝ ներկում են: Թե ինչու են ներկում, ինչ նպատակով, այդպես էլ հստակ չիմացանք:

Հիմա էլ, երևի, հերթական աշնանային դեպրեսիան ցրելու համար ամեն առավոտ մայրաքաղաքի փողոցներում մեզ դիմավորում են արջուկները, գորտերը, թիթեռներն ու բադիկները: Երևանը սկսում է գազանանոց հիշեցնել: Սկզբում ամեն ինչ կարծես նորմալ էր: Այգիներից մեկում 1-2 թիթեռ հայտնվեց, սիրուն էր, ուրախացանք, անցավ: Հետո հայտնվեցին ցցահան արված բադերը, դե ոչինչ, թող լինեն: Հետո դելֆիններ. արդեն չափն անցանք, բայց դե դրանք էլ թող լինեն: Բայց չէ, դեռ ու՞ր եք: Մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներում ոտքիդ տակ արդեն մուտանտ գորտեր են հայտնվում, դիմացդ՝ սոված արջեր:

Մայրաքաղաքի բարեկարգումն ու կանաչապատումը, անխոս, վերջին ամիսներին մեծ թափ է առել և իսկապես ողջունելի է: Բայց ամբողջ հարցը նրանում է, որ հերթական անգամ ականատես ենք լինում «Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ» երևույթին: Դժվարանում ենք անգամ կռահել, թե ինչ սկզբունքով են ընտրվել կանաչապատման այս «մասնակիցները» և ինչու՝ միայն կենդանիներ: Տեսնես ո՞րն է կանաչապատման ներկա փուլի կոնցեպցիան, եթե այդպիսին, առհասարակ, մշակվել է:

Բայց եթե մի կողմ դնենք այդ անհասկանալի կենդանիների միատեսակ արտաքինը, ապա աչք է զարնում մեկ այլ հանգամանք ևս. բոլորն անխտիր տեղադրվել են Երևանի փոքր կենտրոնում, որն առանց այդ էլ ծանրաբեռնված է զանազան դեկորատիվ ատրիբուտներով:

Ինչ վերաբերում է Երևանի մյուս վարչական շրջաններին, ապա այդ տարածքներում վիճակն ավելի հուսադրող է՝ գեղեցիկ ծաղկային հորինվածքներ, ծաղկաթմբեր և… մրգով ու բանջարեղենով բեռնված սայլեր: Վերջիններիս տեղադրումը՝ որպես քաղաքի արտաքին հարդարման միջոց, նույնպես շարունակում է անհայտ մնալ:

Անի Պապոյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News