28 փետրվարի 2005 - 16:26 AMT
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՋՈՆ ԷՎԱՆՍԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՈՐՊԵՍ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ»
«Ես չեմ ցանկանում պարզաբանել ԱՄՆ քաղաքականությունը: ԱՄՆ հայկական համայնքի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ իմ կողմից թույլ տրված սահմանումները Օսմանյան Թուրքիայում հայերի ողբերգության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ կարող են առիթ հանդիսանալ թյուրիմացության համար»: Նման հայտարարությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը փետրվարի 28-ին հանդես է եկել ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջոն Էվանսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Չնայած նրան, որ ես նշել եմ, թե ԱՄՆ քաղաքականությունը հայկական ողբերգության առնչությամբ չի փոխվել, ես օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում է անձնապես իմ` Ջոն Էվանսի, եւ ոչ թե քաղաքական գործչի տեսակետը: Դա, թերեւս, տեղին չէր»,-հայտարարել է դեսպանը: Նրա խոսքերով, ԱՄՆ քաղաքականությունն այդ հարցի շուրջ արտահայտվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի տարեկան ուղերձում` նվիրված զոհված հայերի հիշատակին: «Իմ կառավարությունը ճանաչում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին Անատոլիայում տեղի ունեցած հայերի ողբերգությունը: Մենք ակտիվորեն աջակցել ենք 1915 թվականի հայերի սպանությունների եւ տեղահանության վերաբերյալ գիտական, հանրային եւ դիվանագիտական քննարկումների կազմակերպմանը: Մենք նաեւ աջակցել ենք Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների տնտեսական եւ քաղաքական երկխոսությանը, այդ ահավոր իրադարձությունների շուրջ բոլոր կողմերի ընդհանուր հայտարարի գալուն նպաստելու նպատակով»,-հայտարարել է Էվանսը: Բացի այդ, նրա խոսքերով, ԱՄՆ քաղաքականության առնչությամբ թյուրիմացության առիթ կարող են հանդիսանալ «իմ մեկնաբանությունները» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: «ԱՄՆ կառավարությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության արդյունքում»,-հայտարարել է նա: «ԱՄՆ-ն շարունակում է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման որոնմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Մեզ համար հուսադրող է ՄԽ շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ շարունակվող երկխոսությունը: Ես խորապես ափսոսում եմ իմ մեկնաբանությունների արդյունքում ծագած թյուրիմացության համար»,-ընդգծել է նա: Մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը` Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Պայկը նշել է. «Ջոն Էվանսի հայտարարությունները պետք է գնահատել որպես «անձնական տեսակետ, արտահայտված մասնավոր հանդիպման ժամանակ»: Դրանք չեն արտահայտում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ԱՄՆ կառավարության քաղաքականությունը մնում է անփոփոխ: Իր հերթին, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը քննարկել է տվյալ միջադեպը ԱՄՆ պաշտոնական անձանց հետ, այդ թվում Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավարեւելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Լորա Քենեդիի հետ: Հաֆիզ Փաշաեւի խոսքերով, ամերիկացի պաշտոնյաների հետ զրույցներից պարզ է դարձել, որ նրանք ափսոսում են Ջոն Էվանսի հայտարարությունների համար: Նրանք եւս մեկ անգամ հավաստիացրել են Ադրբեջանի դեսպանին, որ «Միացյալ Նահանգները պաշտպանում են այդ երկրի տարածքային ամբողջականությունը եւ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը եւ նրա «կառավարությունը»: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին»: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել էր Էվանսը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, դեսպան Էվանսը ներկաներին հայտարարել է, թե խորհրդակցել է պետդեպարտամենտի փաստաբանի հետ, որը հաստատել է, թե 1915 թվականի իրադարձությունները եղել են «Ցեղասպանություն ըստ սահմանման»: «Ոչ մի ամերիկացի պաշտոնյա երբեւէ չի ժխտել այդ փաստը` ես կարծում եմ բառախաղը այդ դեպքում անհարիր է ամերիկացիների համար»-հայտարարել էր Էվանսը: «Ես հավատում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով, սակայն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը դեռեւս չի փոխվել, քանի որ Թուրքիայի հետ կան ավանդական կապեր ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես ռազմական ոլորտում»: «Հայոց ցեղսպանությունը 20 դարի առաջին ցեղասպանությունն է»,-աել է Էվանսը` նշելով ընդ որում, որ աշխարհը այն ժամանակ պատրաստ չէր համարժեք արձագանքին: «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք պատրաստվում ենք լավ աշխատել այդ խնդրի շուրջ»,-հայտարարել էր Էվանսը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էվանսը հայտարարել է, որ «մենք շատ դժվարին շրջան ենք վերապրումմ Թուրքիայի հետ»: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Էվանսը նշել է, որ «20-րդ դարում իշխող պատկերացումները անջատողականության վերաբերյալ կարելի է համեմատել 19-րդ դարի հասարակության շրջանում ընդունված ապահարզանի տաբուի հետ»: Նրա խոսքերով, «ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լավատեսության համար քիչ առիթներ կան, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն մոտենում խնդրի լուծման տարբերակի ընտրությանը»: Էվանսը նաեւ նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն եւ հարգում է պետությունների տարածքային ամբողջականությունը, սակայն «բոլորն են հասկանում, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին` դա աղետ կլիներ»: «Մեր հիմնական նպատակներից մեկն է ապահովել տարածաշրջանի առավել կայուն լինելը,-ասել է Էվանսը:-Հարավային Կովկասին նոր պատերազմ հարկավոր չէ»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: