10 սեպտեմբերի 2012 - 17:55 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպանը չի հավատում, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը հավանական է

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը չի հավատում, որ Ղարաբաղի համար պատերազմի վերսկսումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավանական է: Այդ մասին դեսպանն ասել է երկուշաբթի ճեպազրույցում՝ հույս հայտնելով, որ խաղաղ գործընթացը կշարունակվի, անկախ իրավիճակի սրումից: «Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և խաղաղ լուծում գտնեն: Որպես ՄԽ համանախագահ երկիր ԱՄՆ-ն կշարունակի որոշում գտնելու ջանքերը»,-ասել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանն ու ներմանը՝ Մորնինգսթարն ասել է. «ԱՄՆ-ն մտահոգված է երկու կողմերի քայլերով, որոնք ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում»: Նա սատարել է Պետդեպարտամենտի ու Սպիտակ տան դիրքորոշմանը: «Դա չի նպաստում լարվածության նվազեցմանը, հակառակը, խոչընդոտում է շփումների հաստատմանը»,-ասել է նա, հայտնում է 1news.az-ը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: