28 փետրվարի 2005 - 16:44 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Կյանքը ցույց տվեց, որ պատերազմը չի կարող լուծել խնդիրը.մենք հաղթեցինք պատերազմում, սակայն խնդիրը մնաց: Եվ շարունակվող համատեղ ատելության պայմաններում խնդրի լուծումը անհնար է»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Արցախի պետհամալսարանի դասախոական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ընդ որում ղարաբաղյան պետության ղեկավարը նշել է, որ այսօր կողմերը պատրաստ չեն խնդրի լուծմանը: «Բանակցային գործընթացում կան հավակնող դիրքեր եւ իրական դիրքեր. հասկանալի է, որ կողմերից ոչ մեկը չի կարող ստանալ ամեն ինչ, չզիջելով ոչինչ: Այլ խոսքերով, այստեղ անհրաժշետ է փոխզիջում: Այսօր մենք չենք կարող խոսել փոխզիջումների մասին, քանի որ կա փոխադարձ ատելություն ադրբեջանցիների եւ հայերի միջեւ` ատելություն, որն արհեստականորեն խրախուսվում է, եւ առաջին հերթին, որտեղ ուռճացվում է հայ-թշնամու կերպարը: Իսկ զիջել կարելի է գործընկերոջը, հակառակորդին, սակայն ոչ թշնամուն»,-ասել է նախագահը: Իրավիճակի բարելավման համար Արկադի Ղուկասյանը անհրաժեշտ է համարում համապատասխան քարոզչությունը եւ հանրային կարծիքի նախապատրաստումը: «Մենք հասկանում ենք, որ ադրբեջանցիները մեր հարեւաններն են, եւ հիմնական խնդիրը, որը մենք դնում ենք մեր առջեւ, դա խաղաղության խնդիրն է. մենք պետք է անենք ամեն ինչ,որպեսզի այստեղ այլեւս պատերազմ չլինի: Մեր տարածաշրջանի զարգացումը կարելի է ապահովել միայն այն ժամանակ, երբ որ կկարգավորվեն բոլոր հակամարտությունները: Ես համոզված եմ, որ դա հնարավոր է` հարկավոր էմիայն բոլոր կողմերի բարի կամքը»,-ասել է Արկադի Ղուկասյանը: Բաքվում հնչող ռազմատենչ հայտարարությունները նախագահը գնահատել է որպես շանտաժ եւ ԼՂՀ-ին վախեցնելու փորձ: «Հասկանալի է, որ նման շանտաժի մենք չենք ենթարկվի: Կրկնում եմ, մենք խնդրի քաղաքական լուծման եւ խաղաղության կողմնակից ենք , սակայն եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը: Համոզված եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ է դա գիտակցում»,-նշել է նախագահը: Խոսելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների մասին` Արկադի Ղուկասյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ակտիվ բանակցային գործընթացի բացակայության մեղքը ամբողջովին Ադրբեջանի վրա է, որը հրաժարվել է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: «Լեռնային Ղարաբաղը հայտնվել է բանակցություններից դուրս, թեեւ բոլորն են հասկանում, որ առանց ԼՂՀ ժողովրդի եւ կառավարության կարծիքը եւ մոտեցումները հաշվի առնելու, խնդրի լուծումը անհնար է: Համոզված եմ, երբ որ գործընթացը սկսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. Լեռնային Ղարաբաղը կմասնակցի դրան»,-ասել է Արկադի Ղուկասյանը: Նշելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպման օգտավետությունը` Արկադի Ղուկասյանը ընդգծել է, որ այդ հանդիպումները չեն կարող փոխարինել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին` Արկադի Ղուկասյանը ընդգծել է, որ ԼՂՀ-ին հաջողվել է ստեղծել հիմքեր ժողովրդավարական զարգացման համար: «Ես հեռու եմ այն մտքից, թե մենք արդեն ստեղծել ենք ժողովրդավարական պետություն, սակայն լուրջ հաջողությունների ենք հասել այդ ճանապարհին: Մենք չունենք այլընտրանք եւ պետք է ստեղծենք ժողովրդավարական պետություն, որպեսզի համաշխարհային հանրությանը ներկայանանք որպես մի երկիր, որն ապրում է միջազգային չափանիշներով»,-ասել է Արկադի Ղուկասյանը: