10 սեպտեմբերի 2012 - 17:49 AMT
ՀՀ նախագահը ճիշտ ընտրություն է կատարել ԱԺ-ում իր նշանակման հարցում, վստահ է Վ.Դալլաքյանը

ԱԺ-ում նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ քայլ է կատարել՝ նշանակելով իրեն ՀՀ նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին խորհրդարանում՝ մեկնաբանելով իր նշանակումը:

Ըստ նրա, նշանակման մասին պայմանավորվածություն վաղուց կար, տարբեր առաջարկներ կային: Դալլաքյանը հրաժարվել է մանրամասնել առաջարկները՝ ասելով. «Չեմ կարծում, թե պարտավոր են հրապարակել իմ զրույցների բովանդակությունը ՀՀ նախագահի հետ»

Դալլաքյանը հավելել է, որ ուշադիր հետևում էր, թե ինչ պաշտոնների էին իրեն «նշանակում» ԶԼՄ-ները, սակայն, ունի մամուլի հետ շփման 17-ամյա պատգամավորական փորձ: «Դուք ինձ նշանակեցիք Վանաձորի քաղաքապետ, երիտասարդության գործերով նախարար, սոցապահովության նախարար, Քաղծառայության պետ: Ձեր շնորհիվ, ես բազմաթիվ պաշտոններ ստացա»,-նշեց նա հեգնանքով:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ համատեղ աշխատանքին, նկատի ունենալով նրա խիստ քննադատությունը նախագահի հասցեին նախորդ տարիներին, ապա Դալլաքյանն ասել է, որ դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Նա նշել է, որ քննադատել է և առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահներին, սակայն, դա չի խանգարել, որ իր առաջադրած օրենսդրական նախաձեռնություններն ընդունվեն խորհրդարանի կողմից: