10 սեպտեմբերի 2012 - 18:22 AMT
Լիտվացի պատգամավորներ. Սաֆարովի ներումը կարող է այլ հանցագործությունների պատճառ դառնալ

Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ սպայի կացնահարության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ:

Ըստ պատգամավորների, Սաֆարովի ներումը «կարող է այլ հանցագործությունների պատճառ դառնալ, հակասում է միջազգային իրավունքի նորմերին և կարող է ձախողել հաշտեցման գործընթացը Ադրբեջանի ու Հայաստանի միջև»:

Հայտարարությունը ստորագրել են Ազատականների շարժման ներկայացուցիչներ Ալգիս Կաշետան և Դալյա Կուոդիտեն, պահպանողականներ Մասյուլիսն ու Լոումանասը, «աշխատանքային կուսակցության անդամ» Դանգուտե Միկուտենեն, հայտնում է Դելֆին:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: