10 սեպտեմբերի 2012 - 18:06 AMT
Հայաստանը կակտիվացնի քաղաքական երկխոսությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ

Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Չուպու Ստենլի Մաթհաբաթհային (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախարարը նաև հավելեց, որ հայկական կողմը կարևորում է հարաբերությունների զարգացումը աֆրիկյան առաջատար երկրների, այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ:

Դեսպան Մաթհաբաթհան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու եւ ընդլայնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տնտեսական, տեխնիկական և գիտակրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում նշվեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հարավային Աֆրիկայի Հյուսիսային Քեյփի նահանգի կառավարության միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ոսկերչության և ադամանդագործության ոլորտում համագործակցությունը և մասնագիտական փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: