10 սեպտեմբերի 2012 - 18:10 AMT
Հնդկահայերը բողոքի նամակ են հանձնել Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը

Սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջեւ: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգեւ է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության եւ Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը եւ մերժում է աստվածային օրեն-քը երկրի վրա»:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: