10 սեպտեմբերի 2012 - 18:43 AMT
ՀՀ բանկային համակարգը 2012-ի առաջին կիսամյակում արժույթի ներբանկային առք ու վաճառքից ստացել է 5.8 մլրդ դրամի շահույթ

ՀՀ ներքին արժութային շուկայում 2012 թվականի առաջին կիսամյակում դրսևորվել է ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկում: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «2012-ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունումե, ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7.71%-ով, իսկ վարիացիայի ցուցանիշը կազմել է 101.21:

Միաժամանակ, ինչպես նշվում է հաշվետվությունում, արժութային շուկայում բորսայական շրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե չեն փոփոխվել և միջինը կազմել են մոտ 63 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է ներբանկային առքի և վաճառքի ծավալներին, այստեղ նույնպես հաշվետու կիսամյակում կտրուկ փոփոխություններ չեն եղել, և գործարքների ծավալները միջինում կազմել են համապատասխանաբար 307 մլն ԱՄՆ դոլար և 365 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբից բանկային համակարգի` արտարժույթի առուվաճառքից օգուտը կազմել է 5.8 մլրդ դրամ: