10 սեպտեմբերի 2012 - 18:43 AMT
Հովսեփ Խուրշուդյան. Դեռ քննարկում չի եղել, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը կստանա Թևան Պողոսյանը

«Ժառանգություն» կուսակցությունում դեռևս չեն քննարկել այն հարցը, թե ով կվերցնի Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը, որից վերջինս հրաժարվել է, հետևաբար, այն բաժին կընկնի ընտրացուցակում 6-րդ համարի տակ գրանցված անկուսակցական Թևան Պողոսյանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Ժառանգության» մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանը չի բացառել, որ կուսակցությունը կարող է քննարկել Հովհաննիսյանի մանդատի հարցը, սակայն, նշել է, որ օրակարգում այդ հարցը չկա:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել:

Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ին Խուրշուդյանը, Հովհաննիսյանի որոշումը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: