10 սեպտեմբերի 2012 - 18:49 AMT
Խաղողի մթերման մեկնարկը տրված է

Այսօր Արարատի մարզի Այգավան գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գևորգյանի հետ մասնակցեց խաղողի մթերման մեկնարկին: Երևանի Կոնյակի գործարանը նախորդ տարվա 20344 տոննայի փոխարեն ընթացիկ տարում գյուղացիներից պայմանագրային հիմունքներով կընդունի 24000 տոննա խաղող: Անհրաժեշտության դեպքում` մթերման ծավալները կավելացվեն: Վճարումները, ինչպես նախորդ տարի, կկատարվեն գումարը գյուղացու վարկային հաշվեհամարին անմիջապես փոխանցելու ճանապարհով, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Վաղը խաղողի մթերումներում կսկսվի նաև Արմավիրի մարզում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` վերամշակողներին ամենակարճ ժամկետներում մթերման գործընթացը կարգավորելու ու գյուղացու աճեցրած բերքն ամբողջովին ու խելամիտ գներով ընդունելու մասին ուղղված խոսքերը լայն ու գործնական արձագանքների են արժանացել հանրապետությունում:

Խաղող վերամշակող գործարանները, մասնավորապես, միաձայն պարտավորվել են նախորդ տարվա 128,9 հազար տոննայի դիմաց , ընթացիկ տարում մթերել մինչև 166 հազար տոննա խաղող: Անցյալ տարվա մթերման 130 դրամ գնի փոխարեն Արարատյան դաշտում խաղողի մթերման մեկնարկային գինն այս տարի 140, իսկ Տավուշի մարզում 130 դրամ է: