28 փետրվարի 2005 - 17:01 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց Երեւանի ջրամատակարարման երկրորդ վարկային ծրագիրը 20 մլն դոլար արժողությամբ` հայտնել է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով, ծրագիրը կոչված է Երեւանի ջրամատակարարման անվտանգության եւ հուսալիության բարձրացմանը: Վարկի իրականացման համար մրցութային կարգով կընտրվի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի նոր օպերատոր: Վերջինս կսկսի իր գործունեությունն ըստ լիզինգային պայմանագրի, որը կկնքվի 5 տարի ժամկետով: Նախատեսվում է, որ հինգ տարվա ընթացում կբարձրացվի մատակարարվող ջրի որակն ու կբարելավվի գրաֆիկը: Միեւնույն ժամանակ, գտնում է Ռոբինսոնը, ջրի սակագները փուլ առ փուլ կբարձրանան: Նա հույս է հայտնել, որ 5 տարվա ընթացում մայրաքաղաքի բնակիչների 90 տոկոսը կստանա շուրջօրյա ջրամատակարարում: Պաշտոնական տվյալներով այսօրվա դրությամբ մայրաքաղաքի 72 տոկոսը ստանում են խմելու ջուր օրական 24 ժամ, սակայն մասնագիտացված հասարակական կազմակերպությունների մոնիթորինգի արդյունքներով այդ ցուցանիշը չի գերազանցում 27 տոկոսը: