Արշակ Պետրոսյանը և Լևոն Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Արշակ Պետրոսյանը և Լևոն Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Հայաստանի հավաքականի պատվին ՀՀ նախագահի նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել:

Նախագահի հրամանագրերով Օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու, Հայաստանն աշխարհին արժանվույն ներկայացնելու համար Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը և առաջին համար Լևոն Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Իսկ Պատվո շքանշանով պարգևատրվել են հավաքականի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը։

“Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլի Համաշխարհային Օլիմպիադայում հաղթելով` մեր հավաքականը 3-րդ անգամ դարձավ չեմպիոն: Նման հաջողության շախմատային Օլիմպիադայի պատմության մեջ շատ քիչ երկրներ են կարողացել հասնել: Հայ շախմատիստները վերահաստատեցին այն ճշմարտությունը, որ մենք կարող ենք լինել և հզոր անհատներ, և միասնական թիմ: Նրանք շարունակում են մեր հասարակությանը ներշնչել հավատ սեփական ուժերի հանդեպ”,- ասաց Սերժ Սարգսյանը:

Լևոն Արոնյանն էլ խոստովանեց, որ իր երազանքն է եղել լինել նախագահական նստավայրում և բոլորին հղել իր խոսքը. “ Մենք միշտ զգացել ենք այն ջերմությունը, որը մեզ է փոխանցվել մեր երկրպագուներից: Նրանք միշտ հետևում են մեր պարտիաներին ու աջակցում են մեզ: Եթե մեր երկրի նախագահն այդ ջերմությունը չունենար, ժողովրդին էլ այն չէր փոխանցվի: Շատ շնորհակալ ենք բոլորից, որ թույլ եք տալիս մեզ այդպիսի շախմատ խաղալ”,- անկեղծացավ Արոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---