28 փետրվարի 2005 - 18:42 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղը չի կարող փոխանցվել Ադրբեջանին, դժգոհություն է առաջցրել ադրբեջանական հասարակության շրջանում, հաղորդում է «Կովկասյան հանգույցը» Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Տարօրինակ է նման բառեր լսել մեկից, որը ներկայացնում է ԱՄՆ կառավարությունը, որը բազմիցս ընդգծել է իր դիրքորոշումն այն մասին, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն կառույց: Եվ Հայաստանում ԱՄՆ դեսպանի նման հայտարարությունները միայն ափսոսանք են հարուցում: Հաշվի առնելով դա` Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրում է ԱՄՆ պաշտոնական կառույցներին պարզաբանել Հայաստանում այդ երկրի դեսպանի հայտարարությունները»: ԱՄն Ադրբեջանի դեպսնա Հաֆիզ Փաշաեւը նոյնպես քննարկել է այդ «թյուրիմացությունը» ԱՄՆ պաշտոնյաների հետ, այդ թվում նաեւ Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավարեւելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Լորա Քենեդիի հետ: Հաֆիզ Փաշաեւի խոսքերով, «Ամերիկայի պաշտոնական անձինք ափսոսանքով են ընկալել Ջոն Էվանսի արտահայտությունները: Նրանք եւս մեկ անգամ հավաստիացրել են, որ Միացյալ Նահանգները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը»: