11 սեպտեմբերի 2012 - 13:07 AMT
ԱՄՆ-ն փաստորեն պահանջում է Ադրբեջանից Սաֆարովին բանտ վերադարձնել

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը ամենամյա ճեպազրույցում հայտարարել է, որ ամերիկյան կողմը մշտական շփման մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ Ռամիլ Սաֆարովի ներման հարցով: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել մինչ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայի առջև ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա:

Մինչ Սաֆարովի արտահանձնումը, Ադրբեջանը Հունգարիային գրավոր երաշխիքներ է տվել, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել այլ ժամկետով կամ պայմանական ազատմամբ միայն առնվազն 25 տարվա ազատազրկումից հետո:

Վիկտորիա Նուլանդը մեկ անգամ ևս նշել է ԱՄՆ մտահոգվածությունը կապված Սաֆարովի արտահանձնման ու ներման հետ:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: