11 սեպտեմբերի 2012 - 13:22 AMT
Երևանյան 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը բացված է

Սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացվեց Երևանյան 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը: Առաջին համերգը նվիրված էր դիրիժոր Օհան Դուրյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բացման համերգին հնչեցին Ալ. Հարությունյանի Տոնական նախերգանքը, Հայդնի Թավջութակի կոնցերտը (մենակատար Ալեքսանդր Չաուշյան), Հարությունյանի Շեփորի կոնցերտը (մենակատար Սերգեյ Նակարյակով, նվիրվեց Ալ. Հարությունյանի հիշատակին): Համերգը եզրափակվեց Բերլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիայով» և նվիրվեց անվանի հայ դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին:

Նվագախմբի կազմում իր առաջին ելույթն ունեցավ իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը, ով համերգի վերջում զրուցեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ և կիսվեց իր տպավորություններով: «Առաջին համերգս նվագախմբի հետ իրոք հրաշալի անցավ: Այն շատ հագեցած էր և լավը: Կարծում եմ, մենք շատ լավ կաշխատենք իրար հետ»,-խոստացավ Էնրիկը: Փառատոնի ընթացքում կլինեն նաև երկու հատուկ նշանակության երեկոներ. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը նվագախումբը կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին: Կնշվի նաև ջութակահար Ռուբեն Ահարոնյանի 65-ամյակը:

Ավելի քան մեկ ամիս տևող ամենամյա փառատոնային ծրագիրը ներառում է 11 սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ` միջազգային բարձր վաստակ վայելող արտասահմանցի արտիստների, ինչպես նաև Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ:

Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը: