ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ անցկացնել: Այս մասին Երեւանում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Մասնավորապես, նրա խոսքերով` ապրիլի 17-19-ը Բրյուսելում հայկական սփյուռքի ներկայացուցիչների եւ հանրահայտ գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ կկայանա կլոր սեղան` «Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» թեմայով, որը կդառնա 2004 թվականի մայիսի 6-7-ը Երեւանում կազմակերպված «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» խորհրդաժողովի տրամաբանական շարունակությունը: Նախատեսված է նաեւ լուսանկարների ցուցահանդես, վավերագրական ֆիլմերի դիտում, գրքերի հրապարակում: «Արտասահմանյան մամուլում կհրապարակվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածներ, «Հիշողություն մոռացության դեմ» պատկերազարդ ամսագիրը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով»,- տեղեկացրել է Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով` մի քանի ռուսաստանյան կուսակցությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` Հայոց ցեղասպանության հարցին ծանոթանալու համար գրասենյակներ բացել Բրյուսելում, Փարիզում, Ժնեւում եւ Լոնդոնում: «Մենք ցանկանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել Մոսկվայի Հաղթանակի զբոսայգու կենտրոնում: Ողբերգական տարեդարձը կնշվի նաեւ ՌԴ Պետդումայում եւ Դաշնային խորհրդում: Ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով կկազմակերպվեն քննարկումներ»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը: Ընդսմին Ա. Աբրահամյանը մատնանշել է Հայաստանի իշխանությունների պասսիվությունը սփյուռքի եւ, մասնավորապես, Միության հետ համագործակցությունում, որը «չի կարող հանգեցնել լավ արդյունքների»: «Հայաստանի իշխանությունները չունեն հստակ նշված գործողությունների ծրագիր սփյուռքի հետ: Եթե դա լինի, ապա համագործակցության արդյունավետությունը բավականին կմեծանա»,- հայտարարել է Արա Աբրահամյանը` նշելով, որ «նա Հայաստանի իշխանությունների հետ տարաձայնություններ չունի»:


 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---