12 սեպտեմբերի 2012 - 13:36 AMT
Արման Մելիքյան. Ալիև-Էրդողան հանդիպումը ցույց տվեց, որ Բաքվի հետ կապված ՌԴ հույսերն անիմաստ են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հանդիպումը Գաբալայում (Ադրբեջան) և այնտեղ արված հայտարարությունները ցույց տվեցին, որ իր ազդեցությունն Ադրբեջանում տարածելու Ռուսաստանի ջանքերն ապարդյուն են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, ինչ ջանքեր էլ գործադրի Ռուսաստանը, Ադրբեջանը միևնույն է հակված է լինելու Թուրքիայի կողմը և նրան է համարելու իր դաշնակիցը:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Թուրքիայի վարչապետ Ռաջիփ Թայիփ Էրդողանը Գաբալայում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման հարցին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ «սահմանը կբացվի միայն այն բանից հետո, երբ կողմերն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը գտնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ»: «Մենք միշտ ենք ասել այդ մասին: Մենք չենք կարող գնալ այդ քայլին»,-ասել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին»: Էրդողանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը բարեկամական ու եղբայրական երկիր է Թուրքիայի համար, և աջակցությունն Ադրբեջանին միշտ անսահման կլինի: