12 սեպտեմբերի 2012 - 15:23 AMT
2012-ի հունիսին տարեսկզբի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները 2.4 տոկոսով աճել են

Ֆինանսական կայունության տեսանկյունից առանձնակի ուշադրություն է դարձվում նաև անշարժ գույքի շուկայի զարգա- ցումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են անդրադառնալ ֆինանսական համակարգի կայուն գործունեու- թյան վրա:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվությունում, հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերը շարունակել են տրամադրել հիփոթեքային վարկեր անշարժ գույքի շուկայական արժեքի 60 - 80%-ից ոչ ավելի, որի արդյունքում անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը ֆինանսական կայունության տեսանկյունից նշանակալի չեն եղել:

2012 թ. հունիսին, տարեսկզբի համեմատ, արձանագրվել է Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների 2.4% աճ: Ընդ որում` վերոնշյալ աճը պայմանավորվել է բոլոր, հատկապես Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում բնակարանների գների աճով` համապատասխանաբար 3.4%-ով և 3.3%-ով:

Այնուհանդերձ, 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակա- հատվածի համեմատ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները նվազել են 1.9%-ով: Գների նվա- զումն ուղեկցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի քանակի նվազմամբ:

Գների նվազմանը զուգընթաց, նվազել է նաև անշարժ գույքի առաջարկը, ինչը որոշակիորեն զսպել է գների հետագա նվազումը: 2012 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, անշարժ գույքի հետ կապված շինարա- րության ծավալները նվազել են 3.8%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում 6.5%-ով աճել են վարկային հաստատությունների կողմից բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված վարկավորման ծավալները:

Անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճի վրա որոշ չափով իր ազդեցությունն է ունեցել նաև հիփոթեքային վարկավորումը, որի նկատմամբ պահանջարկը շարունակում է բավականին մեծ մնալ: Հիփոթեքային շուկայի հետագա ընդլայնմանը կարող են նպաստել տնային տնտեսությունների եկամուտների աճը, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում ընթացող բարեփոխումները:

ՀՀ ԿԲ հարցումների համաձայն` առևտրային և վարկային կազմակերպությունները սպասում են հիփոթեքային վարկավորման նկատմամբ պահանջարկի հետագա ակտիվացում: