14 սեպտեմբերի 2012 - 09:54 AMT
«Իրատես de facto». Եթե նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ՀԱԿ-ի «տրոհումը» չի բացառվում

«Իրատես de facto»-ն գրում է, որ ներկոնգրեսյան տարաձայնությունների «ձնագունդն» օրեցօր մեծանում է` իր մեջ առնելով նաեւ խմբակցության անդամների հակադրությունները:

«Ընդդիմադիր թևի այս պահվածքը հին պատմություն ունի եւ ծայր է առել շատ վաղուց: Մեր աղբյուրի պնդմամբ, սա պայմանավորված չէ ոչ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ոչ էլ այս կամ այն գործընթացով: Խնդիրն այն է, որ այն կոնգրեսականները, ովքեր ժամանակին մի կերպ միմյանց ներկայությունը ՀԱԿ-ում տարել են, այսօր այլևս դրա իմաստը չեն տեսնում:

Հակադրությունների ալիքը հստակ ընդգծվում է նաև նրանց հրապարակային ելույթներում, երբ որդեգրած քաղաքականության հանդեպ լիովին տարբեր մոտեցումներ են հնչում: Բազմիցս այս հանգամանքը կոնգրեսականները փորձել են «ծրարել» «բազմակարծության» քողի տակ:

Սակայն, ըստ թերթի աղբյուրի, առաջիկայում ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նոր փորձություն է սպասում, եթե նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջադրվի, վերջիններս ստիպված են միմյանց ներկայությունը դեռ «ըմբոշխնել», եթե ոչ, ինչպես նշում է մեր աղբյուրը, չի բացառվում անգամ կառույցի «տրոհումը»»,- գրում է թերթը :