14 սեպտեմբերի 2012 - 14:18 AMT
Աճել է բանկային համակարգի կողմից երկրի տնտեսության վարկավորումը

2012թ. առաջին կիսամյակի արդյունքների համաձայն Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 3,3 տոկոսով կամ 12,2 մլրդ դրամով՝ կազմելով 387,3 մլրդ դրամ: Այդ մասին սեպտեմբերի 14-ի Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, բանկային համակարգի ակտիվները առաջին կիսամյակում աճել են 6,5 տոկոսով կամ 135,1 մլրդ դրամով՝ կազմելով 2,2 տրլն դրամ:

Ինչպես հայտնել է Օսիպյանը, վարկային ներդրումները հաշվետու շրջանում աճել են 213,6 մլրդ դրամ կամ 16 տոկոսով՝ կազմելով 1,5 տրլն դրամ: Վարկավորման կառուցվածքում Օսիպյանն առանձնացրել է գյուղատնտեսության վարկավորման աճը 19 տոկոսով 2011թ. նույն շրջանի համեմատ, առևտրինը՝ 8 տոկոսով, սպառողականը՝ 4 տոկոսով, արդյունաբերականը՝ 5 տոկոսով:

Միաժամանակ, ըստ նրա, առաջին կիսամյակում 17,5 տոկոսով կամ 67,9 մլրդ դրամով աճել են ֆիզիկական անձնաց տրամադրվող վարկերը՝ 8,4 տոկոսով կամ 9,4 մլրդ դրամով ավելացել են հիփոթեքային վարկերը, իսկ սպառողական վարկերի աճը կազմել է 12,1 տոկոս կամ 30,3 մլրդ դրամ: «Դրական միտումներ են գրանցվել նաև տնտեսության վարկավորման գծով՝ 15,3 տոկոս կամ 135 մլրդ դրամ, ծավալը կազմել է 1,015 տրլն դրամ, հավելել է նա:

Պարտավորություններն աճել են 7,2 տոկոսով ու կազմել են 1,8 տրլն դրամ: Ըստ Աշոտ Օսիպյանի, ավանդների ծավալը առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 1,1 տրլն դրամ, ինչը 6,8 տոկոսով կամ 72,1 մլրդ դրամով ավելի է տարեսկզբի համեմատ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական անձանց ավանդների աճ 18,1 տոկոսով կամ 78,5 մլրդ դրամով: Իսկ իրավաբանական անձանց ավանդներն աճել են 15,8 տոկոսով կամ 33 մլրդ դրամով: