14 սեպտեմբերի 2012 - 13:55 AMT
Հայաստանում դեռևս ցածր է անկանխիկ վճարումների ցուցանիշը

Այսօրվա դրությամբ Հայաստանի առևտրային բանկերը թողարկել են շուրջ 1,133 մլն հատ պլաստիկ քարտ, ինչը 155 հազարով ավելի է, քան 2012թ. սկզբում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, առաջին կիսամյակում 31 տոկոսով ավելացել է քարտերի միջոցով կատարվող գործարքների թիվը, իսկ գործարքների ծավալն ապահովել է 26 տոկոս աճ:

Չնայած, որ 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել է կանխիկ փոխանցումների 85 տոկոս աճ, և անկանխիկ փոխանցումների 15 տոկոս աճ, այնուամենայնիվ, Հայաստանի բանկերի միությունը մտադիր է «փոխել այդ համամասնությունն անկանխիկ գործարքների օգտին»:

Միաժամանակ Աշոտ Հովսեփյանը նշել է, որ բնակչության շրջանում աճել են պլաստիկ քարտերով իրականացվող գործարքներն ինտերնետում: «Թվային արտահայտմամբ առաջին կիսամյակում աճը կազմել է 58 տոկոս, իսկ ծավալների առումով՝ 78 տոկոս»,-հավելել է նա:

Ըստ Օսիպյանի, երկրի բանկային համակարգում աշխատակիցների քանակն աճել է 6,9 տոկոսով՝ կազմելով 10 754 մարդ, ինչպես նաև 2 տոկոսով ավելացել է բաժանմունքների թիվը՝ հասնելով 475-ի: