4 մարտի 2005 - 18:33 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Նախօրեին Մոսկվայում սպանվել են Հայաստանի երկու բնակիչներ եղբայրներ Ռոման (23 տարեկան) եւ Վարդան (34 տարեկան) Առաքելյանները: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, մարտի 3-ին, ցերեկը Գարիբալդիի եւ Ակադեմիկոս Պիլյուգինի փողոցների հատման վայրում անհայտ անձինք «Ժիգուլի» ավտոմեքենայի պատուհաններից կրակել են երկու մեքենաներից` «Մերսեդես S-500» եւ ուղեկցող ավտոմեքենայի, «Մերսեդես-Vito» միկրոավտոբուսի ավտոշարասյան վրա: Ենթադրվում է, որ կրակահերթերը արվել են ԱԿՍՈՒ տիպի ավտոմատներից (կարճեցված Կալաշնիկով): Ականատեսների խոսքերով, մի քանի փամփուշտ դիպել է մեքենային: Երեք մարդ զոհվել է` նրանցից մեկը եղել է «Մերսեդեսի» ուղեւոր, երկուսը նստած են եղել ուղեկցող մեքենայի մեջ: Եվս երկուսը հոսպիտալացվել են հրազենային վերքերով, ընդ որում վիրավորներից մեկը 22-ամյա տղա է, պատահական անցորդ, որի վիճակը ծանր է: Հարձակվողները հանցագործության վայրում են թողել զենքը եւ դիմել են փախուստի: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ քաղաքում հայտարարվել է «Հրաբուխ-5» պլանը, որը դեռեւս արդյունք չի տվել: Միջադեպի ականատեսների ցուցմունքները տարբերվում են` մի վարկածի համաձայն կրակողները հեռացել են իներորդ մոդելի մուգ գույնի «Լադա» ավտոմեքենայով, ըստ մյուս վարկածի` հանցագործները եղել են արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով: Պատահարի տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, տարածքը շրջափակված է: Մոսկվային ներքին գործերի մարմիններում գտնում են, որ հիմնական վարկածը` «քրեական հաշվեհարդարներն են»: Ավելին, դատելով նրանից, որ կոմերսանտները ընթանում էին պահակազորով մեքենայի ուղեկցությամբ, նրանք ինչ-որ վտանգ էին զգում: