14 սեպտեմբերի 2012 - 14:19 AMT
Արթուր Բաղդասարյանը Սաֆարովի գործով ԵԽ բանաձևի մասին. Աշխարհը կիսում է մեր մոտեցումները

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանել է ԵԽ երեկվա բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:

Բաղդասարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Սաֆարովի գործով ընդունվել են 15 պաշտոնական հայտարարություններ և դրանք բոլորը եղել են միջազգային կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Երեկ կոչ է արվել չամփոփել արդյունքները և ևս մեկ անգամ արձանագրել, որ եվրոպական ու միջազգային հանրությունն անընդունելի են համարում ու դատապարտում այն, ինչ կատարվել է»,- նշել է նա:

«Եվ դա մեզ համար շատ դրական փաստ է, որ աշխարհը կիսում է մեր մոտեցումները, քանի որ դա աննախադեպ հանցագործություն է և դրան հետևած գործընթացները` նույնպես»,- հավելել է ԱԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ նման հեղինակավոր միջազգային ատյանը, ինչպիսին Եվրախորհրդարանն է, միասնական դիրքորոշում ունի այս երևույթի նկատմամբ և մտահոգություն է հայտնում, որ դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ շատ երկրների համար:

Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հունգարիայի գործողությունները դատապարտելու գործընթացը կշարունակվի և տարբեր խորհրդարանական կառույցները կանդրադառնան այս հարցին: