6 մարտի 2003 - 21:50 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Մարտի 7-8-ը Վաշինգտոնում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ մշակելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, միջնորդները նաեւ կորոշեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք իրենց հաջորդ այցի ժամկետները: Մամեդովը հիշեցրել է, որ վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինան Ադրբեջանի նախագահին տեղեկացրել էր միջնորդների կողմից նոր առաջարկությունների նախապատրաստման մասին: Ինքը` Ալիեւը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հաղորդել էր, որ համանախագահները նախապատրաստում են ինչ-որ փոփոխություններ, որոնց էությունը, սակայն, իրեն հայտնի չէ: