4 մարտի 2005 - 18:44 AMT
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԽԱՂԱՂ ԱԿՑԻԱ
Մարտի 3-ին Թբիլիսիի կենտրոնում անցկացվել է խաղաղ ցույց, կազմակերպված հայկական եւ վրացական երիտասարդական կազմակերպությունների կողմից, որը միավորել էր շուրջ 200 երիտասարդների: Երիտասարդները հավաքվել են Վրաստանի Սիոնիի ուղղափառ եկեղեցու մոտ, որը գտնվում է Նորաշենի հայկական եկեղեցու հարեւանությամբ եւ ավարտել են ակցիան Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Վրացի երիտասարդները միացել են հայերին խաղաղ ակցիայով արտահայտելու համար իրենց անհամաձայնությունը Վրաստանի հոգեւորականության գործողությունների հետ, որոնք ուղղված են հայկական եկեղեցիների հափշտակմանը: Ակցիան ուղղված է հավաստիացնելու, որ ոչ բոլոր վրացիներն են այդ դիրքորոշման կողմնակից հանդիսանում: Սուրբ Գեւորգում նրանք մոմեր են վառել եւ օրհնվել են հայր Աբգարի կողմից: Երիտասարդներին ուղղված իր կոչում հայր Աբգարը հիշել է նախկին ժամանակնրեը, երբ երկու ազգերի ներկայացուցիչները ուխտագնացություններ էին կազմակերպում, որոնց ընթացքում այցելում էին սուրբ Էջմիածին եւ մասնակցում էին պատարագին հայերի հետ միասին, իսկ հայերը գալիս էին Մցխեթա, Սվետիցխովելիի եկեղեցական տոնակատարությանը: Նա նշել է, որ այդ ավանդույթը զարմանալիորեն կենսունակ է մնացել նաեւ խորհրդային ժամանակշրջանում, երբ կրոնը, մեղմ ասած, չէր խրախուսվում: Չնայած երիտասարդ վրացիների բարի նպատակներին, որոնք եկել էին աջակցելու Թբիլիսիի հայ երիտասարդությանը, որոշ վրացիներ գերադասեցին չմտնել սբ.Գեւորգ հայկական եկեղեցի, եւ կանգնել էին եկեղեցու բակում: Հայ երիտասարդության մի մասը որոշել է շարունակել գործողությունները` վրաններ խփելով Նորաշենի առջեւ: Հայ եկեղեցու վրացական թեմը հուսով է, որ Նորաշենի եւ Սուրբ Նշան եկեղեցիների հետ կապված խնդիրը կլուծվի բարձր մակարդակով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Վրաստանի պատրիարք Իլիա II հանդիպման ժամանակ: