14 սեպտեմբերի 2012 - 14:39 AMT
Թուրք դիվանագետը սպառնում է Արևմուտքին Սաֆարովի գործած վայրագ սպանության «իրադարձությունների կրկնությամբ»

«Ոչ ոք չպետք է շահարկի Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրադարձությունները: Նրանք, ովքեր ցանկանում են օգտագործել դա, ազդելու համար Ադրբեջանի վրա, պետք է արմատին նայեն՝ հաշվի առնելով Սաֆարովի ընտանիքի վիճակը, կրած կարուստները»,-հայտարարել է ադրբեջանական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հրաժեշտի հանդիպմանը Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Քըլիչը:

Դեսպանն ասել է, թե «անհնար է թաքցնել այն իրողությունը, որի արդյունքում մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ դարձել են փախստականներ ու բռնի տեղահանվածներ»: «Կատարվածի մեղավորն Արևելքն է: Եթե նա չի ցանկանում, որ այդպիսի իրադարձությունները կրկնվեն, նա պետք է սատարի Ադրբեջանի դիրքորոշմանն ու շուտափույթ կերպով հանգուցալուծի ղարաբաղյան խնդիրը»:

Ղ. Քըլիչը հայտարարել է, որ Թուրքիան միշտ «սատարել է Ադրբեջանի արդար պայքարին»: «Հուսով ենք, որ շուտով խնդիրը կլուծվի: Ես իմ հետագա գործունեության ընթացքում ուժ չեմ խնայի դրա համար»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: