4 մարտի 2005 - 19:57 AMT
ԱՊՀ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԱԿԻ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն չի բացառում, որ «եթե դրա համար լինի համապատասխան հանձնարարություն, Համագործակցությունը կարող է որոշակի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման էքսպերտային կամ այլ ուղղությամբ», տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Ընդսմին նա ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ակտիվ դեր է խաղում ԵԱՀԿ Մինսկի խումբը, չնայած, նրա խոսքերով, վերջին ժամանակներս մի շարք միջազգային կազմակերպություններ են ներքաշված այդ պրոբլեմատիկայի քննարկման մեջ: Մեկնաբանելով լրագրողի հարցը, որը վերաբերում էր Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու այն առաջարկությանը, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել ԱՊՀ կազմում եւ դրանով իսկ լուծել խնդիրը, Ռուշայլոն նշել է. «Առայժմ հստակ ձեւակերպված հանձնարարություններ չենք ստացել, այդ պատճառով էլ ես անիմաստ եմ գտնում մեկնաբանել Վլադիմիր Ժիրինովսկու եւ այլ քաղաքագետների արտահայտությունները»: