14 սեպտեմբերի 2012 - 16:20 AMT
Առաջիկա ամսվա ընթացքում կառուցապատողները պետք է ներկայացնեն իրենց շինարարական ներդրումային ծրագրերը

Քաղաքապետարանի հետ նոր պայմանագիր չկնքող սեփականատերերի տարածքները կարող են քաղաքապետարանի գերակա շահ հայտարարվել: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Երևանի քաղաքապետարանը վերջերս կառավարության հետ համատեղ իրականացրել է գույքագրում, հանդիպել մի շարք տարածքների սեփականատերերի հետ: Արդյունքում քաղաքապետարանը որոշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կառուցապատողները պետք է քաղաքապետարան ներկայացնեն իրենց շինարարական ներդրումային կառուցապատման ծրագրերը, շինարարության պայմաններն ու ժամկետները: Դրանց հիման վրա քաղաքապետարանի հետ կկքնվեն հստակ պայմանագրեր ժամկետների, օրացուցային գրաֆիկի և շինարարության ավարտի վերաբերյալ»,- հաղորդեց Սարգսյանը` հավելելով, որ եթե մեկ ամսվա ընթացքում սեփականատերերը պատշաճ և բարեխիղճ պայմանավորվածություններ չկնքեն քաղաքապետարանի հետ, ապա իրավական դաշտում քաղաքապետարանը կարող է, դիմելով կառավարությանը, այդ տարածքների նկատմամբ ճանաչել գերակա շահ: