4 մարտի 2005 - 21:34 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԻՄՔ ՉԿԱ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ ԱՊՀ ԱՊԱԳԱՆ
«ԱՊՀ ունի պետության ղեկավարների կողմից հաստատված իրավական դաշտ եւ անհիմն է կասկածներ հայտնել այդ կազմակերպության ապագայի մասին»,- Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ կան Համագործակցության շրջանակներում ընդունված որոշումների կատարմանն առնչվող որոշակի հարցեր: «Երեւի, այն կանոնադրությունը, որն ընդուվել է, հետագայում պետք է վերամշակել, նրա մեջ պետք է լրացումներ եւ փոփոխություններ մտցվեն»,- նկատել է Վ. Ռուշայլոն: Նա հիշեցրել է, որ Համագործակցությունն ստեղծվել է տասը տարի առաջ, եւ այդ պատճառով իրավական ակտերը որոշակի լրացուցիչ մշակման կարիք ունեն: ԱՊՀ գործադիր քարտուղարը Համագործակցության գործունեության մեկ այլ կարեւոր ուղղություն է անվանել ահաբեկչության, հանցագործության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը: Առաջնային ուղղությունների թվում Ռուշայլոն նշել է մարդասիրական ոլորտում համագործակցությունը: Այսպես, Ռուսաստանի նախաձեռնությամբ ներկայումս խորհրդատվություններ են անցկացվում արտգործնախարարների մակարդակով եւ քննարկվում են այդ համագործակցության չափանիշները: ՌԴ պատրաստում է առաջարկությունների նախագիծ, որը հետագայում կներկայացվի Համագործակցության երկրներին: Ռուշայլոի խոսքերով` մարդասիրական ոլորտում համագործակցությունը կարեւոր ուղղություն է նաեւ այն պատճառով, որ նրա բաղադրիչներից մեկը ԱՊՀ երկրներում ընտրությունների դիտման անցկացումն է: Այդ աշխատանքը պահանջում է ավելի որակյալ մոտեցում, մեթոդիկաների կատարելագործում, ավելի սերտ փոխգործակցություն, նշել է ԱՊՀ գործադիր քարտուղարը: