14 սեպտեմբերի 2012 - 16:39 AMT
Նարեկ Սարգսյան. Ես շարունակում եմ համոզված լինել, որ կառավարության շենքի գմբեթի կառուցումը շատ կարևոր է

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ հյուրանոցի հստակ նախագիծ առայժմ չկա: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, միջին հարկայնության հյուրանոցի նախագծի առաջարկներ եղել են, սակայն որևէ մեկն առայժմ հաստատված չէ: Բացի այդ, նշեց ճարտարապետը, չկա նաև կոնկրետ ներդրող, որը կզբաղվեր այդ հյուրանոցի շինարարությամբ:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակի տարածքում մեկ այլ կառույցի` Կառավարության շենքի գմբեթի շուրջ քննարկումներին` Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ նախկինում եղել են քաղաքաշինական խորհրդի մի քանի նիստեր, որոնց ժամանակ նախագիծը գրեթե միաձայն պաշտպանվել է: «Մինչդեռ Ճարտարապետների միությունում տեղի ունեցած քննարկումները հակառակ եզրակացությանն են եկել: Այդուհանդերձ, ես շարունակում եմ համոզված լինել, որ Կառավարության շենքի գմբեթի կառուցումը շատ կարևոր է»,- նշեց նա` հավելելով, որ առաջիկայում նոր լայն քննարկումներ են նախատեսված, որոնց ժամանակ կբարձրացվի նաև հրապարակի մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցման հարցը: