14 սեպտեմբերի 2012 - 17:35 AMT
Փակ շուկայի վերգետնյա մասի վերականգնման նախագիծը պատրաստ է

Փակ շուկայի վերգետնյա մասի վերականգնման նախագիծը պատրաստ է: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Փակ շուկան` որպես պատմամշակութային հուշարձան քաղաքապետարանի և մշակույթի նախարարության կողմից խիստ վերահսկվում է: Շուկայի վերականգնման նախագիծն արդեն պատրաստ է և քննարկվել է մշակույթի նախարարությունում, տրվել է դրական եզրակացություն: Սեպտեմբերի 20-ին նախագիծը կքննարկվի Երևանի քաղաքապետարանում»,- հաղորդեց նա:

Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքին` ճարտարապետը հայտնեց, որ դրա տեղում, ամենայն հավանականությամբ, կկառուցվի վարչական շենք, որտեղ կարող են տեղ գտնել ինչպես արդարադատության, այնպես էլ սփյուռքի, հնարավոր է նաև արտաքին գործերի նախարարությունները և այլ կառույցներ:

Նարեկ Սարգսյանը խոսեց նաև Երևանի պետական կրկեսի շենքի մասին` նշելով, որ դրա պայթեցումը հարկադրված քայլ էր: «Սկզբում պայթեցվեց գմբեթը, և նախատեսվում էր շենքը վերակառուցել կմախքի հիման վրա: Սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կմախքը այլևս ի վիճակի չէր նոր շինարարական աշխատանքներ կրել: Բոլոր մասնագետները համաձայնեցին, որ ավելի լավ կլինի հիմնովին վերակառուցել կրկեսը»,- նշեց նա: