14 սեպտեմբերի 2012 - 18:02 AMT
Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեմտեմբերի 14-ին, ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնք Հայաստանում են գտնվում անվանի թեթևաթլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա գտնվելու նպատակով:

Նրանց թվում էին Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ամսալեմը, Եվրոպայի աթլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին և Հունաստանի սիրողական աթլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը:

Ողջունելով հյուրերին, նախարարը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանի աթլետների մարզական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: “Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաև առանձին մարզիկների միջև ձևավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի աթլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին”,- նշել է նախարարը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Ռոստոմյանին ընդունելության համար և փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետադագում ևս տալու է իր դրական արդյունքները: Սեպտեմբերի 15-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը: