14 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT
Սերգո Կարապետյան. Հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում մեծ հեռանկարներ ունեն

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին, վերջինիս խնդրանքով:

Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն::

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Չանչունը նախ գոհունակությամբ նշեց, որ ընթացիկ տարին առատ տարի է Հայաստանի գյուղատնտեսության համար, և դա նկատելի է, այնուհետև խնդրեց որոշակի տեղեկատվություն` երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների և ոլորտների մասին:

Նախարար Սերգո Կարապետյանը` որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ առանձնացրեց գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում առևտրային հարաբերությունների զարգացումը, տրակտորների և գյուղատնտեսական գործիքների Հայաստան այլընտրանքային ֆինանսավորմամբ ներկրելու հնարավորության ուսումնասիրությունը, ՉԺՀ գործարարների ներդրումներով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, չինական տեխնոլոգիական սարքավորումների և հոսքագծերի մասին հայ գործարարներին տեղեկատվությամբ ապահովելը, բուսաբուծության, կենսատեխնոլոգիաների, հողագործության , պտղաբուծության, անասնաբուծության և շերամաբուծության բնագավառներում երկու երկրների գիտնականների փորձի համատեղումը, ինչպես նաև գյուղացիական կոպերատիվների և ապահովագրական համակարգերի ստեղծման, և հատկապես, գյուղքատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման չինական փորձի ուսումնասիրումը:

Դեսպան Չանչունը պատրաստակամություն հայտնեց բարձրացված հարցերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն ներկայացնել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությանը և փոխանցեց ՉԺՀ գյուղատնտեսության նախարարի հրավերը Սերգո Կարապետյանին պաշտոնական այցով Չինաստան այցելու մասին, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: