14 սեպտեմբերի 2012 - 18:20 AMT
Նոր կրթական և առողջապահական ենթակառույցներ Խաչփար և Նիզամի համայնքներում

Այսօր տեղի ունեցան Խաչփար համայնքի բժշկական ամբուլատորիայի և Նիզամի համայնքի մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությունները: Ամբուլատորիան և մանկապարտեզը հիմնվել են «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի, Արարատի մարզպետարանի և Խաչփարի ու Նիզամիի համայնքապետարանների համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Խաչփարի բժշկական ամբուլատորիան վերջին անգամ մասնակի վերանորոգվել էր 1997թ. և գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Արձագանքելով Խաչփար համայնքի սահմանած գերակայություններին`«Սեյվ դը չիլդրեն»-ը հիմնանորոգել է ամբուլատորիան և տրամադրել համապատասխան կահույք:

Նիզամի համայնքում երբեք չի գործել մանկապարտեզ, և գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն չեն ունեցել հաճախել նախակրթարան: Հաշվի առնելով վաղ մանկության զարգացման կարևորությունը երեխայի հետագա կյանքի համար և համայնքում առկա պահանջարկը` «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում հիմնվեց մանկապարտեզ, որը վերանորոգվելուց զատ ապահովվեց կահույքով ու կենցաղային տեխնիկայով, գրականությամբ և խաղալիքներով: Ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել Խաչփար և Նիզամի համայնքների մանկապարտեզի դաստիարակների և նրանց օգնականների, դպրոցի ուսուցիչների և բուժաշխատողների համար: Բացի այդ, 14-18 տարեկան երեխաների համար կազմակերպվել են երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացներ «Երեխան երեխայի համար» մեթոդոլոգիայով:

Ծրագիրն իրականացվում է կարողությունների զարգացման և ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ տեղական իշխանությունների, մանկապարտեզի անձնակազմի, բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների և դպրոցի աշխատակազմի գործուն մասնակցությամբ: Խաչփարում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքի 24 տոկոսը ներդրվել է Արարատի մարզպետարանի, 7,5 տոկոսը` համանքապետարանի կողմից: Նիզամիում Արարատի մարզպետարանի ներդրումը կազմել է 41 տոկոսը, համայնքապետարանինը` 15 տոկոս:

«Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի նպատակն է բարելավել փախստականների կյանքի որակն ու բարեկեցությունը: Ծրագրի շրջանակներում, բացի վերը նշված աշխատանքներից, Հայանիստում անցկացվել է ջրագիծ, իսկ Սիսում հիմնվել է երիտասարդական կենտրոն: Իրականացվել են նաև կարողություների զարգացման մի շարք միջոցառումներ ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների և բուժաշխատողների համար: