15 սեպտեմբերի 2012 - 11:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեյրան Օհանյան. ՀԱՊԿ ԱԱՀՈւ լուրջ տարածաշրջանային ուժ է և կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը

Հայաստանի «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ինչպես բացման խոսքում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զորավարժություններն անց են կացվում ըստ ՀԱՊԿ 2012թ. մարտական պատրաստության պլանի: Ըստ նրա, զորավարժությունները կոչված են զորավարժարան դառնալու ԱԱՀՈւ ուժերի ու միջոցների ձևավորման համար, որոնք այս պահի դրությամբ կազմում են 20 հազար հոգի:

«ԱԱՀՈւ-ն արդեն իսկ լուրջ տարածաշրջանային ուժ է և կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը»,-ասել է նա:

Պաշտպանության նախարարը հավելել է, որ վեց պետությունների՝ Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերը պատրաստ են համընդհանուր ուժերով դիմակայել այդ երկրների առջև ծառացած մարտահրավերներին:

Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ զորավարժությունները կանցնեն բարձր մակարդակով և կհաջողվի կատարել դրված բոլոր առաջադրանքները: Իր հերթին ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նշեց, որ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները նշանակալի իրադարձություն են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ Հայաստանի համար:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հինավուրց հայկական հողում մեզ ցուցաբերած հյուրընկալության համար»,-ասել է նա:

Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 15-19 «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման:

ՖՈՏՈՇԱՐՔ