15 սեպտեմբերի 2012 - 12:21 AMT
Վահան Բաբայան. «Բարգավաճ Հայաստանի» մեկնարկը հինգերորդ գումարման խորհրդարանում հաջող է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության մեկնարկը հինգերորդ գումարման խորհրդարանում հաջող է: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Կուսակցությունը բավական ակտիվ է մասնակցել ԱԺ երկու նստաշրջաններին, բարձրացրել և քննարկել մի շարք հարցեր: ԲՀԿ-ն ուշադրությամբ հետևում է դեպքերի զարգացմանը, ակտիվորեն մասնակցում խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատանքներին, խմբակցության պատգամավորները պարբերաբար հանդես են գալիս որպես համազեկուցող»,- նշեց նա:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» հանդես գալուն` որպես այլընտրանքային քաղաքական ուժ` Բաբայանն ասաց, որ կուսակցությունն այլընտրանքային է այնքանով, որ իր դիրքորոշումն ու մոտեցումները շատ առումներով տարբերվում են և' իշխանությունների, և' ընդդիմության մոտեցումներից: «Մենք լավին լավ ենք ասում, վատին` վատ: Մեր կուսակցության գործունեությունը մշտապես եղել և շարունակում է ուղղված լինել երկրի զարգացմանը, ազգային անվտանգության և ժողովրդավարության ապահովմանը»,- հայտնեց պատգամավորը: