Սեյմասում բացվեց Լիտվա-Հայաստան ֆորումը

Սեյմասում բացվեց Լիտվա-Հայաստան ֆորումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Լիտվայի Սեյմասում (խորհրդարանում) տեղի ունեցավ Լիտվա-Հայաստան ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին պատգամավորներ, քաղաքական, գիտության, մշակույթի, սպորտի ականավոր գործիչներ, դերասաններ, լրագրողներ, հայ համայնքների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Լիտվա-Հայաստան ֆորումը նպատակաուղղված է ակտիվացնելու Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ կապերը մշակույթի, արվեստի, հասարակական դիվանագիտության, սպորտի, տնտեսական ոլորտներում:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լիտվայի Սեյմասի անդամ Դանգուտե Միկուտյենեն, Սեյմասի անդամ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի համանախագահ Ալգիս Կաշետան, Լիտվայի հայտնի դերասան Յուոզաս Բուդրայտիսը, Լիտվայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վալդեմարաս Ռազումասը, Լիտվայի գործարարների միության նախագահ Ռոբերտաս Դարգիսը, Լիտվայի Սեյմասի անդամ, Եվրախորհրդարանի անդամ Յուոզաս Իմբրասասը, ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ֆորումի համակարգող, իրավաբան Արմեն Հայրապետյանը: Ֆորումի ստեղծման հռչակագրին միացել են լիտվական հասարակության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Արքեպիսկոպոս Կարդինալ Սիգիտաս Տամկյավիչուսը, Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասը, Հաղորդակցության նախարար Էլիգիյուս Մասյուլիսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ Յուստատ Պալեցկիսը և Զիգմանտաս Բալչիտիսը, Վիլնյուսի Համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Յուոդկան, պատմաբան Ալֆրեդաս Բումբլաուսկասը, բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը, երգչուհիներ Իրենա Միլկեվիչուտեն և Հասմիկ Գրիգորյանը, դերասան Րեգիմանտաս Ադոմայտիսը, չմշկող Պովիլաս Վանագասը, ռեժիսյոր Մարատ Սարգսյանը, հայտնի ուռուցքաբան Կարապետ Բաբայանը, դիզայներ Սերժ Գանջումյանը և այլոք:

Միջոցառմանը դեսպան Արա Այվազյանը Լիտվայի Սեյմասի անդամ Յուստինաս Կարորսասի այրիին հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հետմահու պարգևատրված ՀՀ ԱԺ Պատվո մեդալը` Հայաստանի և Լիտվայի միջպետական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջխորհրդարանական համագործակցության խորացման և հայ ու լիտվացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում զգալի ավանդի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ