17 սեպտեմբերի 2012 - 13:11 AMT
Բեռլուսկոնիին պատկանող ամսագիրը հրապարակել է արքայազն Ուիլյամի կնոջ սկանդալային լուսանկարները

Իտալական Chi շաբաթագիրը հրապարակել է արքայազն Ուիլյամի կնոջ` Քեմբրիջյան դքսուհի Քեթրինի կիսամերկ լուսանկարները, որոնք ավելի վաղ հայտնվել են ֆրանսիական Closer-ի էջերում, իսկ հետո իռլանդական Irish Daily Star թերթում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սկանդալային լուսանկարները հրապարակելու իր մտադրության մասին պարբերականը հաղորդել է անցած շաբաթ օրը:

Հայտնի շաբաթագրի շապիկը, որը Closer-ի հետ միասին մտնում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի Mondadori Group մեդիա խմբի մեջ, զարդարում են 30-ամյա դքսուհու լուսանկարները և «Մերկ թագուհին» խորագիրը: Ամսագրի ներսում կադրեր են, որոնք արվել են պապարացիի կողմից Ֆրանսիայում Քեթրինի և Ուիլյամի հանգստի ժամանակ:

Հայտնի իտալական La Repubblica-ն կիրակի օրը հոդված է հրապարակել քննադատելով նման որոշումը, որտեղ հիշեցվել է, որ ժամանակին Բեռլուսկոնին «վիճել է» Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ Կառլա Բրունիի մասին հոդվածներ հրապարակելու պատճառով:

Բեռլուսկոնիի դուստրը` Մարինան, ով Mondadori-ի նախագահն է, պատասխանել է La Repubblica-ին բաց նամակով, որում նշել է, որ իր հայրը զբաղվում է քաղաքականությամբ և ժամանակ չունի հրապարակվող լուսանկարների մասին մտածելու համար: