17 սեպտեմբերի 2012 - 13:49 AMT
Սկսվում են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները

Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավարներից ամենակարևորը և վերջինը, որը թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա պատարագով:

Հինավուրց եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերաց տոնին և թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին:

Տոնական միջոցառմանը վիրահայությանն ուղղված իր խոսքում, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հույս հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը ստացած և Վրաստանի իշխանությունների աջակցությանն արժանացած նախագծի իրականացումից, վերականգնողական և ամրացման աշխատանքներից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով, որպես վիրահայոց Թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Այնուհետև «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երգի և պարային համույթների և անհատ կատարողների ուժերով (համակարգող Լևոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով) տրվեց ճոխ համերգ: Վերջում օրհնվեց ավանդական մատաղը և բաժանվեց ժողովրդին, հայտնում է թեմի մամլո դիվանը:

Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին:

Սակայն ժամանակը և ստորգետնյա ջրերը հրատապ են դարձրել այս հինավուրց տաճարի վերականգնման հարցը: Վիրահայոց թեմի պատվերով երկու տարի առաջ մշակված վերականգնողական աշխատանքների նախագծի իրականացմանը ձեռնամուխ եղավ «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը»: