17 սեպտեմբերի 2012 - 13:49 AMT
ՆՓԱԿ-ում կբացվի «9 արտիստ+20 տարի» խմբակային ցուցահանդես

Սեպտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կբացվի «9 արտիստ+20 տարի» խմբակային ցուցահանդեսը: 45 արվեստագետների մասնակցությամբ հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսի կազմակերպիչ-համադրողն է Սոնիա Պալասանյանը` համադրողներ Արման Գրիգորյանի, Սոնա Աբգարյանի, Գագիկ Ղազարէի և Վահրամ Ակիմյանի աջակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են մի քանի միջոցառումներ: Այդպես սեպտեմբերի 25-ին` ժամը 18:30-ին, տեղի կունենա LSD ձայնային արվեստի միության և Վարդան Հարությունյանի բացօթյա համերգը ՆՓԱԿ-ի մուտքի մոտ: Համերգը ավանգարդ էքսպերիմենտալ ձայնաինստալյացիոն ծրագիր է, որը կրում է «Կանխատեսումներ» խորագիրը:

Սեպտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, կցուցադրվի «Գիլան, կարկուտից հետո» վավերագրական ֆիլմը: Կինոնկարի ռեժիսորը, սցենարիստն ու մոնտաժողը Արթուր Սախկալյանն է:

Իսկ սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, ՆՓԱԿ-ում տեղի կունենա Հեղինակային տեքստի փառատոն: Հայ ժամանակակից գրականության շուրջ 15 ներկայացուցիչներ հանդես կգան հեղինակային ընթերցումներով:

Ինչպես նշում է Սոնիա Պալասանյանը, ցուցահանդեսը նպատակ ունի անցնել աշխարհաքաղաքական սահմաններն ու վավերագրել տարբերությունները: «Այն մարտահրավեր է քաղաքական գաղափարախոսությունների, քաղաքականության բնույթի անընդհատ փոփոխության և առօրյա կյանքի աճող անկայունության դեմ… Մենք չենք ուզում կորցնել հիշողությունները, մեր կապը անցյալի հետ, նրա ճանաչումն ու ընկալումը…»,- ասում է նա:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 27-ը: