18 սեպտեմբերի 2012 - 10:48 AMT
Ղազախ օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Վինոկուրովը հանուն բարեգործության վաճառել է իր հեծանիվը

Ղազախստանում Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն, հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը վաճառել է իրեն հաղթանակ բերած հեծանիվը:

Ավելի վաղ մարզիկը խոստացել էր ցուցադրել հեծանիվը իր ծննդյան օրը կայանալիք աճուրդի ժամանակ` սեպտեմբերի 16-ին:

Որպես մեկնարկային գին է հայտարարվել 50 հազար դոլարը: Արդյունքում Specialized մակնիշի չեմպիոնական հեծանիվը գնվել է Tak Group ընկերության կողմից` 243 հազար դոլարով, ինչը 5 անգամ ավել է մեկնարկային գնից:

Ընդգծվում է, որ մարզիկի համազգեստը, որով նա հանդես է եկել խաղերին, վաճառվել է առանձին, 10 հազար դոլարով:

Ստացված գումարը նախատեսվում է ծախսել բարեգործության վրա: Ենթադրվում է, որ ստացված գումարը հատկացվելու է ծանր պաթոլոգիաներով 5 երեխաների բուժմանը

«Ես անկեղծորեն հուսով եմ, որ նրանցից որևէ մեկը նույնպես կդառնա չեմպիոն և պարտադիր չէ սպորտում, այլ կյանքում: Պետք է ուժեղ կամք ունենալ և պայքարել մինչև վերջ: Միայն այդ դեպքում հաղթանակը հասանելի կլինի»,-ասել է նա: