9 մարտի 2005 - 10:43 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ԴԺՎԱՐԻՆ Է, ԲԱՅՑ ԽԱՂԱՂ
1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան դժվարին է, բայց խաղաղ: Այս մասին նա հայտարարել է «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում: Խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների մասին` Վլադիմիր Կազիմիրովը նշել է. որ նրա անձնական կարծիքով` այդ երաշխիքները կարող են լինել չորս կամ նույնիսկ հինգ մակարդակների.
-հակամարտության բոլոր կողմերի պարտավորություն` բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով (դա առաջնահերթ պայման է, հնարավոր է` նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատմամբ),
- հակառակորդ կողմի պարտավորություն (բոլոր ազատագրված շրջանների հիմնավոր ապառազմականացում` մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը եւ ուժի մեջ մտնելը),
- Լեռնային Ղարաբաղի սեփական հնարավորությունները ( գումարած նաեւ կարճ ժամկետով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանից լրացուցիչ պաշարների ներգրավում),
-միջազգային երաշխիքներ` ամրագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում:
«Իհարկե, անհրաժեշտ է մտածել նաեւ ազատված տարածքներ վերադարձող ադրբեջանական բնակչության անվտանգության երաշխիքների մասին: Չնայած ապառազմականացմանը` այդ շրջանների բնակչության անվտանգությունը նույնպես պետք է ապահովվի մի քանի մակարդակով»,- ընդգծել է նա: