18 սեպտեմբերի 2012 - 14:20 AMT
Է. Նալբանդյան. Անդունդը Բաքվի ու միջազգային հանրության միջև մեծանում է, շնորհիվ հենց Բաքվի

Ադրբեջանը բազմիցս է խախտել ոչ միայն իր խոստումները, այլ նաև պայմանավորվածությունները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ճեպազրույցում:

Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանը չի կատարում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

Նալբանդյանը հիշեցրել է նաև, թե ինչպես է Ադրբեջանը բազմիցս հրաժարվել ղարաբաղյան բանակցային գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններից, չի պահպանում հրադադարի ռեժիմը, հիշեցրել է նաև Սաֆարովի ներումն ու ազատ արձակումը, չնայած Հունգարիայի ԱԳ և արդարադատության նախարարություններին տված հավաստիացումներին, որ Սաֆարովը դեռ առնվազն 25 տարի պետք է բանտում անցկացնի:

«Իր գործողություններով Ադրբեջանը մեծացնում է անդունդն իր ու միջազգային հանրության միջև»,-ասել է նա:…Ադրբեջանը ձևացնում է, թե անձրև է գալիս»,-ասել է նա:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: