18 սեպտեմբերի 2012 - 18:09 AMT
Վերաբացվել է թիվ 125 մանկապարտեզը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30 մանկական սեղան, 150 աթոռակ և 60 մահճակալ: Նախակրթարանը Նուբարաշեն վարչական շրջանի միակ մանկապարտեզն է այսօր և հնարավորություն է ընձեռում շուրջ 200 երեխաների նախադպրոցական կրթության ու դաստիարակության հարցերը հոգալու համար:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ծանոթացել է Այվազովսկի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով շուրջ 2,5 կմ երկարություն ունեցող ճանապարհի երթևեկելի գոտու հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջովին բարեկարգվում են նաև մայթերը, թարմացվում եզրաքարերը: Վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ արդեն ավարտվել է Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել վարչական շրջանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը: